ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերից:
Նա նաեւ անհանգստություն է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ: Կողմերը քննարկել են նաեւ Սիրիայում եւ Աֆղանստանում ընդհանուր շահերը, Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ նախնական բանակցությունները, մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:
Միեւնույն ժամանակ, Չավուշօղլուն Բլինքենին հայտնել է, որ Անկարայի կողմից Ս-400-ի գնումը «կայացած գործարք է»: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին պետք է ճանապարհային քարտեզ տարաձայնությունները լուծելու համար:





























