Որպես այդպիսին հատուկ որոշում կայացված չէ, որ մեր վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, այլ քաղաքական ընկալումն է այդպիսին. Այո, ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ է իր համասնական ցուցակը ներկայացնելու ընտրողների դատին: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Նույնիսկ չունենք որոշումը, թե արդյոք դաշինքով ենք գնալու, թե կուսակցությունով: Բայց, խոշոր հաշվով թիմը, բնականաբար, իր քաղաքական առաջնորդին է տեսնում ցուցակը գլխավորողի դերում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչում են «հողատու», «դավաճան» պիտակները, Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Ժողովուրդը տվել է իր գնահատականը այդպիսի ձեւակերպումների հեղինակներին իր վերաբերմունքով, երբ ընդդիմադիրների կոչերին ականջալուր չեղավ: Ընդդիմությունը երկար ժամանակ փակ պահելով գլխավոր պողոտաներից մեկը, վերջնրդյունքում ինքն իր հաշվարկներով հետ հվաքեց իր վրանները եւ կենտրոնացավ Դեմիրճյան փողոցում»:
Հարցին, թե ինչով է վստահ, որ նախկին մերժված ռեժիմի կողքին չկանգնելով, ժողովուրդը կկանգնի իշխանությունների կողքին, նախարարը պատասխանեց. «Ես այդ վստահությունն ունեմ, եւ այդ վստահությամբ գնում ենք ընտրությունների: Ընտրություններում ժողովուրդն իր քվեով այդ հարցի պատասխանը կտա, եւ դա կլինի սպառիչ: Այդ վստահությունը գալիս է վերջին տարիներին, իհարկե, համազգային աղետին եւ դրա անդառնալի հետեւանքներին նախորդող պրոցեսներից, խորքային բարեփոխումներից, հանրության ամենալայն շրջանակների հետ մեր շփումներից եւ այսօր հանրության կողմից եկող ազդակներից»:











