Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 16-ին ընդունել է Ֆրանսիայի համագործակցության հարցերով պետնախարար Անրի դը Ռենկուրին եւ քննարկել մի շարք հարցեր:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարներ Նալբանդյանն ու դը Ռենկուրը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, հանգամանալից անդրադարձել երկկողմ հարաբերությունների օրակարգին, նախատեսվող բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքներին, տնտեսական, միջխորհրդանական, ապակենտրոնացված, մշակութային եւ կրթական համագործակցությանն առնչվող հարցերին: Զրուցակիցները քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը: Այս առումով կարեւորվել է այս տարվա աշնանը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր համաժողովի անցկացումը:
Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները, Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի նախապատրաստությունները:
Էդվարդ Նալբանդյանն ու Անրի դը Ռենկուրը մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:




























