«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծը: Այս մասին մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ հետպատերազմյան պայմաններում, երբ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանները վտանգված են, իսկ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը փաստացի Ռուսաստանն է, այդ երկրի հետ հարաբերությունները պետք է վերանայվեն: Այս համատեքստում պատգամավորը ռուսաց լեզվին ԼՂՀ-ում պաշտոնական կարգավիճակ շնորհելը տրամաբանական է համարում:

«Մենք կարծում ենք, որ եկել է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք կնքելու ժամանակը, եւ շատ շուտով մանրամասն նախագիծ կներկայացնենք»,- ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ օրենք էր ընդունել, համաձայն որի ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզուն դարձավ երկրում հայերենից հետո: