Դատավորներն արդեն կարող են կաշկանդվել իրենց որոշումները կայացնելիս։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում դատավորների ընդհանուր ժողովից առաջ ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն` անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված նախագծին, որի համաձայն` քաղաքացիները եւ իրավաբանական անձինք եւս կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ` դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։

«Ըստ էության, այսպիսի օրենք ընդունելով, կարծես թե ԲԴԽ-ն դառնում է չորրորդ ատյան։ Ցանկացած որոշում կայացնելիս կա արդեն այն կանխավարկածը, որ մի կողմը դժգոհ գնալով՝ անպայման կդիմի ԲԴԽ՝ իմ հարցը քննարկելու համար։ Արդյունքում ին կստացվի, որ յուրաքանչյուր կողմ, որը դժգոհ է գնալու դատարանից, ապա ինձ պետք է տանի, կանգնեցնի դատարանի առջեւ»,- նշեց դատավորը։

Անդրադառնալով նույն նախագծով դատավորներին բարդ գործեր բաշխելուն, գործը վերցնել եւ այլ դատավորի մակագրելուն՝ Մխիթար Պապոյանն ասաց. «Դրա հետ նույնպես չեմ համաձայնվի։ Պետք է ընդհամենը նայել 2014 թվականի Դատական օրենսգրքի փոփոխությունները, որում մտցվեցին էլեկտրոնային մակագրության կարգը, շատ հանգամանալից, տարբեր երկրների փորձն ուսումնասիրած ու նշված է, թե ինչի համար է դա անհրաժեշտ։ Դատական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում ինչ-որ տարիների ընթացքում նոր զարգացումներ են գնում, հիմա հետընթաց ենք կատարում»։

Հարցին՝ դատական համակարգը նախկին եւ ներկա իշխանություններից արդյոք անկա՞խ է, Պապոյանը պատասխանեց, որ դատավորը պետք է ուղղակի հեռու մնա. «Ինձ երբեւէ չեն եղել ճնշումներ, բայց ընդհանուր ճնշումներ, կոնկրետ դեպքի ծանոթ չեմ, բայց հանրային ճնշումներ լինում են, որը ցանկալի չէ»։

Դատավորը նաեւ անդրադարձավ այն մեղադրանքներին, թե վարչապետին սպառնացողները չեն կալանավորվում. «Տարբեր անձինք հայտարարություններ են անում, որ ինչու այս կամ այն դեպքում կալանք չէ։ Կալանքի նպատակը պատիժը չէ, կալանքի նպատակն այլ է, միգուցե չի եղել այդ հիմքերը, ինչի՞ չենք մտածում այդ ուղղությամբ»։

Անդրադառնալով ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի կողմից քննիչներին հանդիպելու փաստին, հարցին՝ ինչպե՞ս է ինքը գնահատում այդ ամենը եւ արդյոք դա չի՞ ազդում դատական համակարգի վարկանիշի վրա, դատավորն ասաց. «Ցանկացած տեղեկություն, որը դատական իշխանությանը վարկաբեկմանն է վերաբերում, դա ուղիղ ազդեցություն ունենում է։ Եթե Հայաստանի Հանրապետությունում անընդհատ խոսվում է վատ դատարան ունենալու մասին, դա ուղիղ ազդեցություն է ունենում։ Իմ կարծիքով՝ երեւի ինչ-որ մի պահի պետք է կարմիր գիծ քաշել, որովհետեւ այն, ինչ ներկայացվում է հանրությանը, ես դրա հետ այդքան էլ համաձայն չեմ։ Չեմ ասում, որ մեր համակարգում խնդիրներ չկան, կան, բայց իմ գնահատմամբ՝ դա այդքան վատը չէ, որքան ներկայացվում է. որքան շատ ենք վատը ասում, այն այնքան վատանում է»։