Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը սխալ քայլ է արել՝ կապված հրթիռների փորձարկման հետ, հաղորդում է Reuters-ը:

Ուրբաթ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ արձակել է փոքր հեռահարության նոր տեսակի մարտավարական բալիստիկ հրթիռ: Բայդենն ասել է, որ փորձարկումը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, բայց ինքը նախկինի պես շարունակում է բաց մնալ Փհենյանի հետ դիվանագիտության համար:

Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Ռի Փհեն Չոլը հայտարարել է, որ փորձարկումն անցկացվել է սպառնալիքներից պաշտպանության համար, որոնք բխում են Հարավային Կորեայից եւ ԱՄՆ-ից համատեղ զորավարժությունների եւ նորագույն սպառազինության միջոցով:

«Մենք ոչ մի դեպքում զենք չենք մշակում՝ ինչ-որ մեկի ուշադրությունը գրավելու կամ նրա քաղաքականության վրա ազդելու համար: Կարծում եմ՝ ԱՄՆ նոր վարչակազմն ակնհայտորեն կատարել է իր առաջին սխալ քայլը»,-ասել է Ռին:

Նա քննադատել է Բայդենի վարչակազմին «ամեն առիթ օգտագործելու» մեջ, որպեսզի սադրի Փհենյանին եւ նրան  «անվտանգության սպառնալիքի» խարան դնի: