Բարեգործական կազմակերպությունները կոչ են անում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին սկսել տրամադրել պատվաստանյութն անվճար աղքատ երկրներին, գրում է Daily Mail-ը:
Վարչապետին ուղղված նամակում առողջապահության եւ զարգացման ոլորտում բարեգործական կազմակերպությունները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիան ունի պատվաստանյութի ավելի քան 100 միլիոն լրացուցիչ դեղափաչ՝ հավելելով, որ երկիրն «աշխարհում բնակչության թվով պատվաստանյութերի ամենախոշոր գնորդն է»:
Wellcome կազմակերպությունը եւ Save the Children UK-ը միացել են կազմակերպությունների խմբին՝ կոչ անելով Ջոնսոնին «ձեռնարկել հրատապ միջոցառումներ» եւ «արագորեն պարզաբանել»՝ ինչպես են տարածվելու պատվաստանյութերի դեղաչափերը:
Նամակում նշված է, որ «գոյություն ունի բարձր ռիսկ, որ Մեծ Բրիտանիան կկուտակի պաշարներ, մինչդեռ եկամտի ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրներում բուժաշխատողներն ու բնակչության առավել խոցելի շերտերին հասանելի չեն դրանք»:
«Մեծ Բրիտանիան կտնօրինի բավականաչափ հավելյալ պատվաստանյութ, որպեսզի կրկնակի պատվաստի բուժաշխատողներին, որոնք գտնվում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում»,-նշված է Ջոնսոնին հասցեագրված նամակում:
Նրանք կոչ են անում մեծ Բրիտանիային անհապաղ սկսել նվիրաբերել դեղաչափերը Covax ծրագրի շրջանակում, որն աշխատում է ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութով ապահովելու ուղղությամբ:




























