«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն, որը էլեկտրոնային ստորագրություններ տրամադրող գրասենյակն է, կանգնած է ֆինանսական լուրջ դժվարությունների առջեւ` ընկերության սեփական միջոցները բավարար չեն ծախսերի ծածկման համար: Այդ մասին նշված է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց այդ ընկերությանը տրամադրել 25 մլն դրամ` կանոնադրական կապիտալն ավելացնելու համար:
Ներկայումս 5000-ից ավելի ընկերություններ Հայաստանում օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից եւ այդ թիվն անընդհատ աճում է:
Հայաստանում էլեկտրոնային ստորագրությունների թվաքանակի աճը պայմանավորված է էլեկտրոնային տարբեր համակարգերի ներդրմամբ, օրինակ` էլեկտրոնային հարկային հաշվետվությունների համակարգը, էլեկտրոնային լիցենզավորման համակարգը: Արդյունքում ակնկալվում է, որ արդեն իսկ հաջորդ տարում ընկերությունը էլեկտրոնային ստորագրությունների վաճառքից ստացվող եկամուտների հաշվին հնարավորություն կունենա ապահովել ծախսածածկում:



























