Ղարաբաղում պատերազմը հայկական դիվանագիտության պարտության հետեւանք չէր: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
Նախարարը նշեց, որ դիվանագիտության հասցեին մեղադրանքներն անարդար է համարում:
Նրա խոսքով՝ նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ժամանակին անարդյունավետ դիվանագիտության պատճառով Չեխոսլովակին ագրեսիայի ենթարկվեց նացիստական Գերմանիայի կողմից:
«Հայաստանն այդ տարիներին գործադրել բոլոր ջանքերը կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար: Նույնն արել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել ուժի չկիրառման մասին: Սակայն վերջերս Ադրբեջանի նախագահը մերժեց բոլոր փոխզիջումային տարբերակները: Նա հպարտությամբ հայտարարեց, որ երկար էր պատրաստվել ռազմական լուծման»,-նշեց նախարարը:
Այվազյանը նաեւ հավելեց, որ քաղաքական ղեկավարության հանձնարարությամբ 26 տարի հայկական դիվանագիտությունն ապահովել է ստատուս քվոյի պահպանումն այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը վերջնական չի լուծվել:
«Սակայն եթե հակառակ կողմը որոշել է պատերազմ սկսել, ապա այստեղ դիվանագետների հնարավորությունները սահմանափակ են»,-նկատեց նախարարը:





























