Մարտակերտում զոհված 19-ամյա զինծառայող Ալբերտ Դադոյանն ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է պատերազմի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին։

«Հոսպիտալից դուրս էր գրվել, մենք էլ իրեն ծանրոց էինք ուղարկել։ Շատ խոսեցինք այդ օրը, բարձր տրամադրություն ուներ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ալբերտ Դադոյանի հայրը՝ Հովհաննես Դադոյանը։

Ալբերտը կարող էր հետաձգել բանակ գնալը, սակայն շատ էր ցանկանում մեկնել ծառայության։

«Մենք միշտ ասել ենք, որ տղան պետք է ծառայի, որ գա կյանք ու հասկանա, թե ինչ փորձությունների միջով կարող է անցնել։ Ինքն էլ շատ էր ուզում գնալ ծառայության, ասում էր՝ պարտքս տամ հայրենիքիս, վերադառնամ»,- նշեց Ալբերտի հայրը։

Ալբերտն ապագա ծրագրավորող էր, սովորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում։ Հայաստանում ցանկանում էր զարգացնել կիբեռսպորտը։

«Վերջերս իր նոթատետրը գտանք, թերթեցինք։ Ապագա ծրագրերի ցանկում էին պարապելը, համալսարան ընդունվելն ու վերջին կետը ծառայության գնալն էր։ Դրանից հետո այլ բան գրված չէր»,- ավելացրեց Ալբերտի մայրը՝ Կարինե Ավետիսյանը։

Ալբերտ Դադոյանը նահատակվել է սեպտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։