Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը բացատրել է, թե ինչու է հրաժարվել մեկնել Արցախի օկուպացված տարածքներ:

Ինչպես ավելի վաղ հաղորվել է, դեսպանի՝ Արցախի օկուպացված տարածքներ այցելելուց հրաժարումը վրդովմունքի ալիք է բարձրարցել Ադրբեջանում՝ ընդհուպ մինչեւ սպառնալիքներ:

Turan գործակալությունը խնդրել է Գերմանիայի դեսպանին մեկնաբանել տեղի ունեցածը եւ պատասխանել երկու հարցի՝

«1. Ինչո՞ւ դեսպանը չմասնակցեց դիվանագետների ուղեւորություններին:
2. Ինչպիսի՞ն է ներկայումս Գերմանիայի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

Առաջին հարցին  դեսպանը պատասխանել է. «Բոլոր գործոնների վերլուծությունից է կախված որոշումը, թե երբ եւ որտեղ են ուղարկում դեսպանին կամ դեսպանատան աշխատակիցներին: Որոշիչ է հարցը, թե արդյոք դա կբարձրացնի դեսպանատան առաքելությունը, ինչպես դա պահանջում է Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի նախարարությունը, եւ արդյո՞ք ուղեւորությունը ռիսկեր է պարունակում անվտանգության կամ առողջության համար»:

Երկրորդ հարցին դեսպանը պատասխանել է այսպես. «Վերջին ամսվա ընթացքում դաշնային կառավարության քաղաքականությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ կենտրոնացած էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դադարեցնելու վրա: Դաշնային կառավարության նպատակն է դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել հաշտեցումը ադրբեջանցիների եւ հայերի միջեւ»:

Նա շեշտել է իր անձնական ներգրավվածությունը գործընկերների հետ բանակցություններում՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Այդ ուղղությամբ, նրա խոսքով, աշխատում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում Գերմանիայի դեսպանատները:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության կայուն կարգավորման համար»,-նրա խոսքը մեջբերում է Turan-ը: