Մարտի 26-ի առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երեւանյան փողոցի մի բնակարանից գողություն են արել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընտանիքի անդամները գիշերը տանը չէին եղել, ինչից էլ օգտվել էին հանցամիտները. տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին դուռը եւ տունը տակնուվրա անելուց հետո հյուրասենյակից գողացել էին բջջային հեռախոս:
Քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանք իրականացնել: Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ կասկածյալներն Արտաշատի բնակիչ չեն։ Գողությունը բացահայտվեց հաղորդումից ժամեր անց:
Քրեական հետախույզների եւ նախաքննական մարմնի ծառայողների փոխգործակցության արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 27-ամյա մի տղամարդ եւ Բուրաստան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։
Երկուսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Արտաշատի բաժին։
Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:











