Կոսովոյի արտգործնախարար Դոնիկա Ջերվալան Երուսաղեմում երկրի դեսպանության բացումը «կայացած փաստ» է համարում:

Պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Երուսաղեմում Կոսովոյի դեսպանության վերջերս բացումը վերանայելու համար Կոսովոյի նոր կառավարության վրա ճնշում գործադրելու մասին հարցին՝ նա ասել է. «Կարծում եմ, որ Իսրայելում մեր դեսպանության հարցն արդեն լուծված է։ Մենք չենք կարող ներքաշվել դիվանագիտական արկածախնդրությունների մեջ, որպեսզի վերանայենք մի խնդիր, որն արդեն լուծված է»,- Kallxo.com-ին տված հարցազրույցում ասել է Ջերվալան:

Նրա խոսքով՝ Կոսովոն ցանկանում է ամրապնդել կապերը Իսրայելի հետ, բայց նաեւ ցանկանում է ունենալ «լավ բարեկամություն, լավ հարաբերություններ պաղեստինյան իշխանությունների հետ»:

Կոսովոն Իսրայելի հետ փետրվարի 1-ին դիվանագիտական հարաբերություններ է հաստատել, իսկ այս ամսվա սկզբին հայտարարել է Երուսաղեմի արեւմուտքում դեսպանատան բացման մասին:

Այս քայլերը հաջորդել են Սպիտակ տան գագաթաժողովին, որին սեպտեմբերին մասնակցել է Կոսովոյի նախկին վարչապետ Ավդուլլա Խոտին, այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Էրդողանը անցյալ շաբաթ պաշտոնը ստանձնած Ալբին Կուրտիին ուղղված շնորհավորական նամակում խնդրել է Կոսովոյին վերանայել իր որոշումը։