Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող անձինք պետք է անցնեն պարտադիր մատնադրոշմային գրանցում: ՀՀ կառավարությունը հունիսի 17-ին հավանություն տվեց ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
Նախագծի նպատակն է ոչ միայն հանցագործությունների կանխումն ու խափանումը, այլեւ անձի ինքնության պարզումը կամ նույնականացումը:
Ըստ ոստիկանության պարզաբանման` անձի ինքնությունը պարզելու կամ նույնացնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ ոչ միայն իրավախախտումների հետ կապված դեպքերում, այլեւ` բնական աղետների, վթարների, ռազմական գործողությունների եւ փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվածների, մահացածների, անհայտ կորածների ինքնությունը պարզելու կամ նույնացնելու, ինչպես նաեւ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով սեփական անձի մասին տեղեկություններ հաղորդելուն ոչ ունակ անձանց ինքնությունը պարզելու դեպքերում:



























