Մենք պատրաստ կլինենք կոալիցիոն բլոկ ստեղծել եւ գնալ ընտրությունների: Այս մասին մարտի 31-ին կայացած քննարկման ժամանակ ասել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
«Մենք հանդիպումներ եւ քննարկումներ ենք անցկացնում: Վերջնական որոշումը կկայացվի այն ժամանակ, երբ պարզ կդառնան ընտրությունների կազմակերպման հետ կապված հարցերը»,- ասել է նա:
Պատասխանելով նրանց, ովքեր մեղադրում են իրեն այս կամ այն ուժերի հետ կապ ունենալու մեջ, Թովմասյանը պարզաբանել է, որ ամենաշատ ներդրումներն ու բարեգործական ծրագրերն ինքն իրականացրել է ներկայիս իշխանությունների օրոք:
«Մեր թիմի համար ամենակարեւորը պետության շահերն են: Հայաստանը երբեք չի գտնվել տնտեսության, քաղաքականության եւ հասարակության հոգեբանական տրամադրության նման անկման վիճակում, ինչպես հիմա է: Այս վիճակն ավելի կխորանա: Նման իրավիճակում մենք ունենք երկու ընտրություն՝ կա՛մ հանձնվել եւ գնալ հետագա անկման ուղով, կա՛մ դասեր քաղել եւ ոտքի կանգնել: Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը: Հասարակությունը պառակտված վիճակում է, ընդ որում՝ այն բաժանված է մի քանի մասի: Ես միշտ մեր երկիրը միասնական եմ տեսել, եւ այս իրավիճակն ինձ համար անընդունելի է: Մենք պետք է միասնական լինենք մեր պետության զարգացման գործում: Հիմա մենք զբաղվում ենք ինքնախաբեությամբ, անհրաժեշտ է վերջ դնել պոպուլիզմին»,- հավելել է նա:
Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ երբ 2,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է գաղափարներ պատրաստել, այդ թվում` գործարար միջավայրի բարելավման համար, այնուհետեւ առաջարկվել են ներդրումային ծրագրեր, բայց 2,5 տարվա ընթացքում, բացի խոչընդոտելուց, իշխանությունները ոչ մի այլ բան չեն արել:
«Նույնը վերաբերում է համավարակի ճգնաժամի պայմաններում բիզնեսին պատշաճ աջակցության բացակայությանը: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, տեղի է ունեցել Մոլդովայում եւ Ուկրաինայում: Շատերը կարծում են, որ ընտրությունները կանցկացվեն, եւ ամեն ինչ լավ կլինի, բայց հենց այնպես ոչինչ չի լինում։ Այսօր թիվ մեկ հարցը ներկայիս կառավարության հրաժարականն է: Ինձ համար «սեւեր» ու «սպիտակներ» չկան: Ինձ համար կան պրոֆեսիոնալներ եւ ոչ պրոֆեսիոնալներ: Պետությունը պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները: Պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը 6-12 ամսվա ընթացքում երկիրը կպատրաստի ընտրություններին»,- եզրափակել է նա:





























