Հայաստանի պաշտպանության նախարարությունում հունիսի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են 2011թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը:

ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսեւորում նույնքան պատրաստակամություն եւ վճռականություն:

Հանձնաժողովի անդամները նշել են, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել ադրբեջանական իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները սահմանափակելու իրողության վրա եւ բարձրացնել գերիներին ու անհայտ կորածներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների արդյունավետությունը: