Ներկայումս Հայաստանի եւ Իրանի միջեւ բանակցություններ են վարվում իրանական Թավրիզ քաղաքից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար նախատեսված խողովակաշարի կառուցման ուղղությամբ։

Բացի այդ, ուսումնասիրվում է նաեւ Երեւանում նավթամթերքի պահպանման նոր պահեստարան կառուցելու հարցը։ Mehr գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Նավթամթերքների արտադրության եւ տարածման իրանական ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ջալիլ Սալարին։

Նրա խոսքով, Հայաստանում նավթամթերքների պահանջարկի ծավալը ներկայումս կազմում է օրական շուրջ 12 հազար բարել, եւ ինչպես սպասվում է, այդ ցուցանիշը կաճի օրական մինչեւ 22 հազար բարել։

Այսօր նավթամթերքների մի մասը Իրանից Հայաստան հասնում է ավտոցիստեռններով։