Կեսգիշերին Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի  բնակարաններից մեկում հայտնաբերվել են 26-ամյա մոր եւ նրա 7-ամյա դստեր դիերը։ Այս մասին NEWS.am-ին փոխանցում են Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՔԿ–ի հաղորդմամբ՝ նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել՝ «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: