Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է 28+Հայաստան ձեւաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական եւ գործընկերության կոմիտեի նիստին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման եւ վերանայման գործընթացի գնահատման 2011թ. զեկույցը, ինչպես նաեւ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նորացված նախագծում ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող նպատակները եւ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները:
ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները ողջունել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել վերանայման արդյունքում ձեւավորված պաշտպանական բարեփոխումների ուղենիշների իրականացմանը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր են գնահատել նաեւ Աֆղանստանում ՀՀ զորախմբի եռապատկումը, Կոսովոյում խաղաղապահ առաքելության շարունակումը եւ ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման եւ վերանայման գործընթացի գործընկերության նպատակների իրականացման գործում գրանցված առաջընթացը:
Նիստի ավարտին ՀՀ պատվիրակությունն իր գոհունակությունն է հայտնել նիստի արդյունքների վերաբերյալ եւ մասնակից երկրներին շնորհակալություն հայտնել ՀՀ անվտանգության ապահովման եւ պաշտպանության ոլորտների զարգացման ջանքերին աջակցելու պատրաստակամության համար:




























