Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 17-ին տեղի է ունեցել ամուսնու ծեծից մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը, որի ընթացքում հրապարակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը:
Պարզ է դարձել, որ պաշտպանական կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը նիստը դռնփակ անցկացնելու մասին ետ է վերադարձվել եւ դատական նիստը կընթանա դռնբաց: Այնուհետեւ, ամբաստանյալ Սարկիսովի պաշտպան Ժ. Հարությունյանի կողմից ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն դատարանի նկատմամբ` մատնանշելով դատարանի կողմնակալ լինելու փաստը: Դատարանը խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո որոշում է կայացրել մերժել միջնորդությունը, ուստի դատական նիստը շարունակվել է նույն դատավորի նախագահությամբ:
Պաշտպանական կողմը եւ ամբաստանյալը միջնորդության մերժումը ստանալուց հետո հրաժարվել են պատասխանել դատարանի կողմից ներկայացված հարցերին, ինչը հիմք է հանդիսացել դատավորի կողմից նախազգուշացման ներկայացմանը, որով դատարանը ստիպված կլինի դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին պաշտպան Ժ. Հարությունյանի նկատմամբ համապատասխան միջոցառումներ կիրառելու համար: Դատարանը նաեւ նշել է, որ դատավարության ընթացքում տրված հարցերին չպատասխանելը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցադրում է:
Այսօրվա նիստի ընթացքում վկայությունով հանդես են եկել հանգուցյալ Զարուհի Պետրոսյանի 3 համակուրսեցիները: Դատաքննությունը հետաձգվել է սույն գործով մնացած վկաների բացակայության պատճառով, ընդ որում դատարանի կողմից որոշում է կայացվել վկաներին բերման ենթարկել:
Հաջորդ նիստը կկայանա 2011թ.-ի հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները ինչպես նախկին, այնպես էլ այս դատավարությանը ներկա են եղել` հետամուտ լինելով Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի արդար քննությանը:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թ. -ի հոկտեմբերի 1-ին: Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում գործի քննությանը:




























