Մյանմայի զինվորականները միջազգային քննադատության են արժանացել ավելի քան 40 երեխաների մահվան եւ բողոքների ճնշման հետեւանքով հարյուրավոր մարդկանց «բռնի անհետացման» կապակցությամբ, հաղորդում է AFP-ն: Փետրվարի 1-ին իշխանությունը զավթելու ցույցերի անխնա ճնշման ռազմական գործողությունների հետեւանքով սպանվել է 543 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 44 երեխա, հայտնում է «Քաղբանտարկյալներին օգնության ասոցիացիա» (AAPP) տեղական դիտորդական կազմակերպությունը: Բողոքի ցույցերը արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտներով ու զինամթերքով ցրելուց բացի, անվտանգության ուժերը բերման են ենթարկել շուրջ 2700 մարդու: Վերջին շաբաթներին բռնությունը սրվել է եւ Save the Children կազմակերպությունը զեկուցել է, որ վերջին 12 օրվա ընթացքում երիտասարդների շրջանում զոհերի թիվը երկու անգամ աճել է: «Մենք ցնցված ենք, որ երեխաները շարունակում են մահացու հարձակումների զոհ դառնալ, չնայած նրանց պաշտպանելու բազմաթիվ կոչերին»,- ասվում է բարեգործական կազմակերպության հայտարարության մեջ:

«Հատկապես սարսափելի է այն, որ, ինչպես հաղորդվում է, այդ երեխաներից մի քանիսը սպանվել են տանը, որտեղ նրանք պետք է ապահով լինեին»: Իշխանությունները բազմաթիվ գիշերային արշավանքներ են իրականացրել, որի ընթացքում անմիջապես ձերբակալվել են քաղաքացիական անհնազանդության շարժմանը աջակցելու մեջ կասկածվողները: Human Rights Watch-ը հայտարարել է, որ խունտան «բռնի կերպով առեւանգում է» հարյուրավոր մարդկանց եւ հրաժարվում է հայտնել նրանց գտնվելու վայրը կամ նրանց փաստաբանների տրամադրումը:

Բռնության կիրառման կապակցությամբ աճում է համաշխարհային տերությունների վրդովմունքը։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն խոր մտահոգություն է հայտնել արագ վատթարացող իրավիճակի վերաբերյալ` դատապարտելով խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը: Մեծ Բրիտանիան հայտարարել է նոր պատժամիջոցների մասին, որոնք այս անգամ ուղղված են զինվորականների բիզնես-շահերի դեմ, ինչպես նաեւ 700 000 ներդրման մասին՝ Մյանմայում մարդու իրավունքների լուրջ խախտումները փաստաթղթավորելու ՄԱԿ-ի ջանքերն ուժեղացնելու համար։