Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ պատերազմը չի ավարտվել: Պատերազմն ավարտվել է, հայտարարվել է զինադադար, եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն իրականացվում: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Սա, սակայն, չի նշանակում, որ նոր պատերազմը բացառվում է: Սա նաեւ չի նշանակում, որ Ադրբեջանը կամ Թուրքիան չեն պատրաստվում, սա չի նշանակում, որ Ադրբեջանը որեւէ գործողություն չի ձեռնարկում»,- հավելեց նա:
Այսօր Ադրբեջանը, նրա խոսքով, փորձում է հաղթանակից ստանալ բոլոր դիվիդենտները:
«Այս երկրի իշխանությունները հայերի ցավոտ կետերն են փնտրում՝ դրանց հարվածներ հասցնելու համար: Շատ բան արվում է ներքին լսարանի համար: Տարածքները եւ ժողովուրդը մեզ համար ամենացավալին են, ուստի նրանց աշխատանքի առաջին ուղղությունը կապված է Հայաստանի տարածքներում եւ Արցախի շփման գծում օկուպացիայի հետ: Երկրորդ ուղղությունը գերեվարումն է: Երրորդ ուղղությունը Լաչինի միջանցքում հաղորդակցության ռազմավարությունն է, որը ադրբեջանցիները փորձում են վերցնել իրենց վերահսկողության տակ: Մեկ այլ խնդիր է Մեղրին, որտեղ նրանք կփորձեն հաստատել այն տարբերակը, որն անհրաժեշտ է Թուրքիային: Սա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է»,- ընդգծեց Իսկանդարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա ինչպես փորձագետն ասաց, ակնհայտ է, որ ինչ-որ բան տեղի է ունենում փակ դռների հետեւում, բայց հասարակական ոլորտում այնպիսի տպավորություն է, որ գրեթե ոչինչ չի կատարվում:
«Սակայն կարեւոր է հասկանալ, որ բավարար ռեսուրսներ չկան սեփական շահերն առաջ տանելու համար: Հայաստանին սուբյեկտության այլ մակարդակ է անհրաժեշտ: Պարտությունից հետո բանակցողները ոչ մի ռեսուրս չունեն, որոնց վրա հենվելով կարող էին իրենց շահերն առաջ տանել: Այս ռեսուրսները պետք է վերականգնել: Ներկայումս նման հնարավորություններ չկան»,- եզրափակեց նա:





























