Ընտրությունների ժամանակ իշխանությունները ստիպված կլինեն խոսել, 3 ամիս լռել չի հաջողվի, իսկ մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ նրանք սկսում են խոսել: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչպես նշեց փորձագետը, Հայաստանն այսօր հետպատերազմյան ցնցում է ապրում, հասարակությունը պառակտված վիճակում է, նրա զգալի մասը մեղադրում է իշխանություններին, որոնք այս իրավիճակից դուրս գալու համար փորձում են իրենց լեգիտիմությունն ընտրությունների միջոցով հաստատել:
«Այս իրավիճակը կանցնի, բայց այն կարող է երկար ձգվել, որոշ երկրներում այն տեւում է տասնամյակներ: Նման սցենարից պետք է խուսափել: Անհրաժեշտ էր աշխատել աղետից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ից: Ընտրությունները, սակայն, կորոշեն միայն բյուրոկրատական լեգիտիմությունը, այսինքն՝ թղթի վրա ցույց կտան, որ որոշակի ձայներ են հավաքել: Իսկ սոցիալական լեգիտիմության հարցը ընտրություններից հետո չի հաջողվի լուծել: Ընտրություններն ինձ համար հետաքրքիր կլինեն երկու ցուցանիշների տեսանկյունից՝ մասնակցությունը եւ Երեւանի ու մարզերի միջեւ տարբերությունը»,- հավելեց Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:





























