Իրանը չի պատրաստվում ո՛չ ուղիղ, ո՛չ անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ առաջիկայում ՀՀԳԾ հանձնաժողովի համատեղ սեսիայի ժամանակ, որը կկայանա Վիենայում, հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին, հաղորդում է Tasnim-ը:
Կիրակի իրանցի բարձրաստիճան դիվանագետը հաղորդել է IRINN-ին, որ Իրանը չի վարի բանակցություններ ԱՄՆ-ի հետ Ավստրիայում առաջիկա հանդիպման ժամանակ:
Ուրբաթ տեսակոնֆերանսի ռեժիմում կայացած ՀՀԳԾ Համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստից հետո մասնակիցները որոշել են շարունակել բանակցությունները Վիենայում հաջորդ շաբաթ խորհրդակցությունները շարունակելու եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները կասեցնելու հետ կապված միջոցառումները որոշելու համար:
«Մենք չենք վարի որեւէ բանակցություն՝ ուղիղ կամ անուղղակի, ԱՄՆ-ի հետ»,-ընդգծել է Արաքչին՝ հայտարարելով, որ Իրանը կբանակցի ՀՀԳԾ Համատեղ հանձնաժողովի եւ 4+1 խմբի հետ իր պայմանները եւ ՀՀԳԾ վերադառնալու պահանջները ձեւակերպելու համար:
«Մեր պահանջը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ը սկսի կատարել իր բոլոր պարտավորությունները ՀՀԳԾ-ի շրջանակում եւ չեղարկի բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանել է Թեհրանի նկատմամբ, այնուհետեւ մենք կստուգենք (պատժամիջոցների չեղարկումը) եւ կվերադառնանք (գործարքին)»,-պարզաբանել է նա:
Արաքչին նաեւ նշել է, որ Իրանի եւ 4+1 խմբի միջեւ բանակցությունները կլինեն ամբողջովին տեխնիկական եւ պատժամիջոցների մասին, որոնք պետք է չեղարկվեն, միջոցառումների մասին, որոնք կընդունի Իրանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու մասին պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք պետք է ստուգվեն:





























