Արկտիկայում ռուսական ռազմական գործողությունները եւ ենթակառուցվածքների մեծացումն աննկատ չեն մնում, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, որի հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում:

«Չխորանալով հետախուզական կոնկրետ գնահատականների մեջ՝ մենք, ակնհայտորեն, դրան շատ ուշադիր ենք հետեւում»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Քիրբին:

Արկտիկայում սառույցի հալչելուն զուգահեռ նոր հնարավորություններ են առաջանում Արկտիկայով տարանցման համար, ինչպես նաեւ «վերացվում են բնական խոչընդոտները, որոնց վրա Ռուսաստանը ժամանակին հույս էր դնում այնտեղ սեփական շահերի պաշտպանության համար»:

Բայց ԱՄՆ-ն իր շահերն ունի նաեւ Արկտիկայում, ասել է Քիրբին:

«Մենք, անկասկած, ընդունում ենք, որ այդ տարածաշրջանը առանցքային տարածք է, կենսականորեն կարեւոր մեր հայրենիքի պաշտպանության համար եւ պոտենցիալ ռազմավարական միջանցք Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Եվրոպայի եւ հայրենիքի միջեւ, ինչն այն խոցելի է դարձնում ընդլայնված մրցակցության համար: Մենք հանձնառու ենք Արկտիկայում ԱՄՆ ազգային անվտանգության մեր շահերի պաշտպանությանը՝ կարգի պահպանման ճանապարհով, որը հիմնված է տարածաշրջանում կանոնների վրա՝ մասնավորապես արկտիկական դաշնակիցների ու գործընկերների մեր ցանցի միջոցով, որոնք ունեն նույն խորը փոխադարձ շահերը, ինչ որ մենք»,- շեշտել է Պենտագոնի մամուլի քարտուղարը: