Հունիսի 18-ին, 00:10-ի սահմաններում ավտովթար է եղել Արագածոտնի մարզում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» բժշկական կենտրոնից Աշտարակի ոստիկանության բաժին ահազանգել են, որ ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Կարեն Հայրապետյանը, Ռաֆիկ Քալաշյանը եւ Արտակ Խաչատրյանը:
Պարզվել է, որ հունիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 28-րդ կմ-ում Արտաշավան գյուղին հարող տարածքում դեռեւս պատկանելությունը չպարզված Audi մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան, դեպի Աշտարակի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Աշտարակի բաժնի աշխաըակիցներն եւ ճանապարհային ոստիկանները, ավտոմեքենաների վրայից հանել են համարանիշները: Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ համարանիշները եղել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարանիշներ:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի տուգանային հրապարակ: Աշտարակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























