ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը մտադիր է թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կրկին պատգամավոր առաջադրվել` եթե կուսակցության ղեկավարությունը համապատասխան որոշում կայացնի: Այս մասին հայտարարեց ինքը` Մանուկյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Խաչիկ Մանուկյանին չեն մտահոգում այն խոսակցությունները, թե այդ ընտրատարածքում հնարավոր է ՀՀԿ-ն առաջադրի այլ թեկնածու` Արագածոտնի մարզպետի եղբորը` Նաիրի Սահակյանին: «Արագածոտնի մարզպետը մամուլում խոստացել է, որ նման բան տեղի չի ունենա` իր եղբայրը չի առաջադրվի»,- արձագանքեց Մանուկյանը: Հարցին, թե հնարավոր է, որ զարգացումներն այլ ընթացք ունենան, եւ մարզպետի եղբայրն այնուամենայնիվ առաջադրվի, Մանուկյանն արձագանքեց. «Չեմ կարող որեւէ բան կանխատեսել: Բայց մի բան գիտեմ` եթե մարդ մի բան է ասում, պիտի իր խոսքի տերը լինի»:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը նշեց նաեւ, որ ուզում է կրկին պատգամավոր դառնալ`«սկսած գործը ավարտին հասցնելու համար»:
«Խոսքը մեր տարածաշրջանի խնդիրները մինչեւ վերջ լուծելու մասին է` ոռոգման ջրի, խմելու ջրի, սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական խնդիրների մասին է»,- հայտարարեց Մանուկյանը: Նա նաեւ հավելեց, որ այդ խնդիրների մի մասը թեեւ լուծված է, սակայն պետք է ավելի լավ լուծումենր գտնել, քանի որ միշտ «լավից լավը կա»:




























