Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայ ազգային կոնգրեսին տված պատասխանը ուժեղ առաջնորդի պատասխան էր, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

 

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն իր պատասխանով ՀԱԿ-ին հասկացրեց, որ իշխանությունները մտադիր չեն առաջնորդվել ընդդիմության պահանջներով։ «Եւ դա նորմալ է, ես ուժեղ իշխանության կողմնակից եմ, քանի որ ուժեղ իշխանությունը ուժեղ պետության երաշխավորն է։ Ոչ ոք իրավունք չունի վնասել իշխանության հեղինակությունը»,- հայտարարեց Բոստանջյանը։ Նա ընդգծեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը շատ հավասարակշռված, կայուն եւ միաժամանակ ոգեշնչող էր։

 

Մեկնաբանելով ՀԱԿ-ի այն պատասխանը, թե Կոնգրեսը պետք է քննարկի Սերժ Սարգսյանի ելույթի թեզիսները, քանի որ դրանք երկիմաստ են, Բոստանջյանը նկատեց. «Թող քննարկեն, եթե որեւէ մեկն անելու բան չունի, նրանք մշտապես ինչ-որ բան են քննարկում։ Իսկ եթե ՀԱԿ-ը կարողանար ինչ-որ բան անել, վաղուց արած կլիներ»։

 

Նշենք, որ երեկ՝ հունիսի 17-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել էր ՀԱԿ-ի հետ երկխոսությանն առնչվող հարցերին: Նա մասնավորապես նշել էր. «Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ  ուժերի համար: Մեկ անգամ եւս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել եւ պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների»: