Կովկասի մահմեդականների ղեկավար շեյխ ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն պետք է ինքը որոշում կայացնի Երեւան այցելելու վերաբերյալ, որտեղ նոյեմբերին կկայանա ԱՊՀ միջկոնական խորհրդի նիստը։

Ինչպես 1news.az-ին  հայտնել է Կովկասի մահմեդականների վարչության մամուլի ծառայության ղեկավար Ռահիմա Դադաշովան, Փաշազադեի՝ Երեւան կատարելիք այցի մասին խոսվում է դեռ անցած տարվանից, սակայն վերջնական որոշում պետք է կայացնի ինքը՝ Փաշազադեն։

«Այցի հարցը դեռեւս օրակարգում չէ, այդ է պատճառը, որ չենք կարող այս առումով որեւէ բան ասել»,- հայտարարել է Դադաշովան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Ռոման Սիլանտեւը նշել էր, որ իրենք պատրաստում են ԱՊՀ միջկրոնական խորհրդի պրեզիդիումի՝ Երեւանում կայանալիք նիստը, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։

«Դա Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ ու-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի պատմական այցն է լինելու Հայաստան, այնպես, ինչպես Գարեգին Երկրորդը ժամանել էր Բաքու»,- հայտարարել էր նա։