Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը Հայ ազգային կոնգրեսին՝ կապված ընդդիմություն-իշխանություն երկխոսության հետ, միանաշանակ էր, երկրի ղեկավարը հասկացրեց, որ ինքն «այո» է ասում այդ երկխոսությանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը;
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ երկխոսությանը կողմ լինելով՝ ինքը չի ընդունում ՀԱԿ-ի՝ «բանակցողների» պատվիրակություն ձեւավորելու գաղափարին։ «Ընդհանուր առմամբ, նախագահի պատասխանը ՀԱԿ-ին բավական պարզ էր՝ «այո» երկխոսությանը, «ոչ» պատվիրակություններին»,- նկատեց Սաֆարյանը։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 17-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել էր ՀԱԿ-ի հետ երկխոսությանն առնչվող հարցերին: Նա մասնավորապես նշել էր. «Երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Մեկ անգամ եւս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել եւ պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների»:




























