Երեւանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում հունիսի 14-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-175-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ կետերով (խոշոր չափերով ավազակություն` զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Ըստ ՀՔԾ-ի`2011թ. հունիսի 15-ին քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ նույն օրը գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածով հարուցվել է նոր քրեական գործ: Քրեական գործով ձերբակալվածներ չկան, որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ներկայանալով որպես ջրմուղի աշխատակից՝ 30-ամյա Արման Ենգիբարյանը փորձել էր մուտք գործել Երեւանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել էր ոստիկանություն: Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել էին ահազանգի հետքերով եւ հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել էր իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել էին հետապնդվողին` կրակելով նրա գլխին: Վերջինս վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր եւ նույն օրը մահացել էր:



























