Հայ ազգային կոնգրեսին ուղղված իր պատասխանում Հայաստանի նախագահ Սերժ- Սարգսյանը, ըստ էության, կիսաբաց է թողել երկխոսության դուռը, հայտարարելով, որ «կողմ է երկխոսությանը», սակայն դեմ է այդ ընթացքում արտահերթ ընտրությունների հարցը քննարկելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետ Երվանդ Բոզոյանը:
Նա ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը հատուկ է այդ դուռը կիսաբաց թողել, այն նպատակով, որպեսզի ՀԱԿ-ը կարողանա մտնել այդ դռնով: «ՀԱԿ-ն անխոս կմտնի այդ դռնով, անպայման կշարունակի երկխոսությունը իշխանությունների հետ, քանի որ նա եւս ներգրավված է այդ պրոցեսում, իսկ ետդարձի ճանապարհ այլեւս չկա, քանի որ ՀԱԿ-ն այլ բանի քաղաքական ռեսուրս այլեւս չունի»,-նշեց փորձագետը` հավելելով, որ իշխանությունների համաձայնությունը` երկխոսություն սկսել ՀԱԿ-ի հետ նպատակ ունի թուլացնել այդ ուժին, ինչը եւ հաջողվում է նրան:
Բոզոյանի խոսքով` այդ ուղղությամբ ՀՀ ներկա նախագահը ունի բավական մեծ փորձ: «Ժամանակին Սերժ Սարգսյանը թուլացրեց Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանությանը` նախաձեռնելով «համագործակցություն» այդ ուժի հետ: Իսկ 2008 թվականին թուլացրեց Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր»-ը»,-նկատեց փորձագետը:
Նշենք, որ հունիսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել է ՀԱԿ-ի` երկխոսույթուն սկսելու մասին առաջարկին: «Մեկ անգամ եւս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել եւ պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի եւ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից եւ լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաեւ առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին եւ երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել եւ քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել եւ քննարկել»,- ասված է ՀՀ նախագահի արձագանքում:




























