Ղազախստանի չորսամյա բնակիչ Ժենյա Գոլովինը շահել է տեղի պետական կրկեսի դեմ դատական գործը, հաղորդում է Lenta.ru-ն:

Որդու անունից հայցը ներկայացրել է մայրը` Իրինա Գոլովինան 2011թ. սկզբին: Տղայի բողոքը վերաբերել է  կրկեսային ամանորյա ներկայացմանը, որի ժամանակ երեխան այդպես էլ չի տեսել ազդագրում հայտարարված` վարժեցված առյուծի եւ վագրի համարը:

Կինը պահանջել է վերադարձնել տոմսի արժեքը, ինչպես նաեւ վճարել 900 հազար տենգե բարոյական վնասի փոխհատուցման համար: Նրա խոսքով` երեխան շատ է վշտացել` չտեսնելով առյուծին եւ վագրին, եւ որոշել է, որ մայրն իրեն խաբել է:

Գործը լսող առաջին դատարանը Գոլովինայի փաստարկներին ուշադրություն չի դարձրել, սակայն վճռաբեկ բողոքը բավարարվել է: Վճռաբեկ դատարանի կոլեգիան որոշել է, որ պետական կրկեսը խախտել է սպառողների պաշտպանության մասին օրենքը: Դատավորների կարծիքով` կրկեսի վարչակազմը պետք է նախապես տեղեկացներ ծրագրում կատարված փոփոխությունների մաիսն: Միաժամանակ` փոխհատուցման չափը նվազեցվել է  30 անգամ` մինչեւ 30 հազար տենգե (200 դոլարից մի փոքր ավելի):