Այսօր, հունիսի 18-ին, ժամը 16:50-ի սահմաններում ոստիկանության Երեւանի քաղաքային վարչությունից Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի վարչական շրջանում տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 16-ի սահմաններում Հաղթանակ գյուղի «Սպանդարյան» արտադրական հանգույցում` նախկինում շահագործվող շիբինի գործարանում դժբախտ պատահար է տեղի ունեցել:
Երկու հոգու մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենաները տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Սակայն ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Օպերատիվ-քննչական խումբը «Սպանդարյան» հանգույցում պարզել է, որ նրանց վրա փլուզվել է հանքը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վարգդես Աթոյանը:
Քիչ առաջ ավագ քննիչը մեկնեց «Մալաթիա» բուժկենտրոն` պարզելու վիրավորի եւ մահացածի ինքնությունը:
Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները կպարզվեն քննության ընթացքում:




Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























