Վանուատուի ԱԳՆ-ն հաստատել է այդ երկրի կառավարության կողմից Աբխազիայի ճանաչման փաստը։ «Որպես ԱԳ նախարար՝ ես հաստատում եմ Վանուատուի կողմից Աբխազիայի Հանրապետության ճանաչումը»,- հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ալֆրեդ Կարլոտը, հայտնում է РБК-ն։
Այս հարցի շուրջ տարաբնույթ հայտարարությունները պտտվում են արդեն մեկ ամիս։ Այսպես, հունիսի 17-ին Վրաստանի արտգործնախարարության՝ Ասիայի եւ Աֆրիկայի, Ավստրալիայի եւ Օկեանիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Զուրաբ Ալեքսիձեն հայտարարել էր լրագրողներին, որ Վանուատուի նոր կառավարությունը հետ է կանչել Աբխազիայի անկախության ճանաչումը։
Աբխազիայի ճանաչման լուրը տարածվել էր մայիսի վերջերին։ Սակայն հունիսի 3-ին ՄԱԿ-ում Վանուատուի մշտական ներկայացուցիչ Դոնալդ Կալպոկասը հերքել էր այդ տեղեկությունը։
Ի պատասխան սրան՝ Աբխազիայի ԱԳՆ հայտարարել էր, որ երկու երկրները մայիսի 23-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ առանց վիզային ռեժիմի հաղորդակցության հայտարարություն են ստորագրել։ Սուխումում ենթադրել էին, որ Վանուատուի դեսպանը «բանից տեղյակ չէ»։
Վանուատուն 235 հազար բնակչություն ունեցող փոքրիկ պետություն է՝ տեղակայված Ավստրալիայից արեւելք։
Աբխազիան ներկայումս ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան։




























