Ադրբեջանական օդուժի հնարավորությունները խիստ ուռճացվում են, եւ ըստ էության, պաշտոնական Բաքուն այս հարցում եւս նախընտրում է առաջին հերթին հարցը լուծել քարոզչական մեթոդով, քան իրական գործողություններով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վերլուծության արդյունքում պարզ են դառնում ադրբեջանական զինուժի եւ ռազմական արդյունաբերության բացերը։ «Ռազմական ավիացիաները համեմատելը ճիշտ չէ, քանի որ ավիացիայի ֆունկցիան բանակի այլ զորատեսակներին աջակցելու մեջ է, եւ պետք է հասկանալ, թե ավիացիան ինչ արդյունավետությամբ կարող է իրականացնել այն։ Միայն գերտերությունների ռազմական ավիացիաներն են, որ կարող են ռազմական ամբողջական ու առանձին գործողություններ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի ավիացիոն ռազմատեխնիկայի գնումները եւ այդ երկրի ռազմաավիացիոն մասնագետների քանակաորակական կապը էապես տարբերվում են միմյանցից։
«Ադրբեջանը մեծ քանակությամբ տեխնիկա է գնում, բայց մասնագետների պատրաստման առումով խսիտ կաղում է։ Խնդրի լուծման քայլերը զարմանք են առաջացնում։ Նրանք մեկ փորձեր են կատարում օդաչուներ պատրաստել Թուրքիայում, քանի որ այնտեղ լեռնային պայմաններ են, եւ Հայաստանի դեմ պատերազմի պատրաստվելու համար հարմար միջավայր, սակայն թուրքական բանակը զինված է ՆԱՏՕ-ի զինատեսակներով, եւ մարտավարական ու ռազմավարական չափանիշները ամբողջությամբ տարբերվում են, այսինքն՝ գնում է մի տեխնիկա, բայց զինվորին պատրաստում է այլ մեքենայով պատերազմելու համար»,- նկատեց փորձագետը՝ ավելացնելով, որ Բաքվի՝ մեծ քանակության տեխնիկա գնելու տրամաբանությունը, ըստ երեւույթին, պայմանավորված է որակի դեմ քանակ հակադրելով։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության ժամանակ էլ Ադրբեջանը ռազմական տեխնիկայի հսկայական առավելություն ուներ, բացի դրանից, այն տարիներին ադրբեջանական բանակում կային աֆղանական պատերազմն անցած փորձառու ռազմական օդաչուներ, որոնք այսօր թոշակառու են։ Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանը սեփական ուժերով ռազմական օդաչուներ պատրաստելու համար պետք է մի քանի տարիներ հսկայական աշխատանք իրականացնի, մինչդեռ այժմ Բաքուն ավիակադրերի պատրաստման հստակ ծրագիր չի կարողանում մշակել։ Մեկ դիմում են թուրքական միջոցներին, մեկ նախկին խորհրդային դպրոցին և այլն:




























