Տարիներ առաջ Հայաստանի բնակիչների բառապաշարում հայտնվեց ու արմատավորվեց անծանոթ մի տերմին` «տրնասֆերտ»: Թեւ բառը սահմանումների լայն շրջանակ ունի, սակայն Հայաստանում այն զուգորդվում է մի երկրից մեկ այլ երկիր իրականացվող արտարժութային փոխանցումների հետ:
Կախված գումարի չափից փոխանցումներ կարելի է կատարել տարբեր եղանակներով: Որոշ երկրներում, հիմնականում, Արեւմուտքից Հարավային Ասիայի ուղղությամբ կատարվող փոխանցումներում տարածված է այսպես կոչված «հավալան» (չլիկ դաստա, հոլ, հավալա շարքից չէ): «Հավալայի» դեպքում փող ուղարկողը մի երկրում որոշակի մարդու է տալիս գումարը, իսկ մեկ այլ երկրում փող տվողի հասցեատերը մեկ ուրիշից ստանում է այն: Փոխադարձ վստահության վրա հիմնված այս սվոփային գործարքը լայն տարածում ունի միջազգային ահաբեկչական եւ թմրանյութերի վաճառքի ցանցերում: «Հավալան» պետական մարմինների վերահսկողությունից դուրս անօրինական գործողություն է:
90-ականների քաոսում արտագնա աշխատանքի շնորհիվ Հայաստան գումարներ փոխանցողները բախվում էին բազմաթիվ խնդիրների: Հետագայում աստիճանաբար գործարկվեցին «Western Union»-ի նման փոխանցման միձազգային համակարգեր, որոնք հաճախորդներից հսկայական տոկոսներ էին պահում:
Հայաստանում առեւտրային բանկերի համակարգի զարգացման եւ բանկային գործիքների ընդլայնման շնորհիվ խնդիրները լուծվեցին: Առեւտրային բանկերն օգտագործում են փոխանցումների մի քանի միջազգային համակարգեր («MoneyGram», «Unistream»), այդ թվում «ռուսաստանյան» «Անելիքը» (համակարգի հիմնադիր` «Анелик РУ» բանկը): Այնպես որ հայաստանցիները չարաբաստիկ «հավալային» ունեն առողջ այլընտրանք:
Բանկերի միջոցով փոխանցումների իրականացումը հնարավորություն է տալիս վերլուծել դրանց տվյալները եւ Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը, թեեւ բանկային փոխանցումներով դրանք չեն սահմանափակվում, քանի որ մեր արտագնա աշխատողները հաճախ են այցելում հայրենիք եւ անձամբ են բերում դրսում վաստակած գումարը: Այդ պատճառով բանկային փոխանցումները Հայաստան մտնող գումարի նվազագույն նշաձողն է:
Հայաստանի Կենտրոնական բանկի հունվար-ապրիլ ամիսներին հրապարակած տվյալների համաձայն` այլ երկրներից ֆիզիկական անձինք Հայաստանի աեւտրային բանկերի միջոցով կատարել են ոչ առեւտրային բնույթի 357 միլիոն դոլարի փոխանցումներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների գումարն աճել է 68,8 միլիոն դոլար կամ 23,6 տոկոս:
Դրամային արտահայտմամբ` փոխանցումները կազմել են 131,4 միլիարդ դրամ, ինչը 19,8 միլիարդ կամ 17,8 տոկոս ավելի է, քան նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսներին: Դոլարային ցուցանիշի համեմատ աճի ավելի ցածր տեմպը բացատրվում է դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի 4,8 տոկոս անկմամբ:
Պաշտոնական վիճակագրությունը մանրածախ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալից առանձնացնում է ավտոմեքենենարի, դրանց պահեստամասերի վաճառքն ու ավտոմեքենաների տեխսպասարկումը: Եթե գումարենք այդ երկու ցուցանիշը եւ դրան ավելացնեն վճարովի ծառայությունները, ապա կստանանք ապրանքների վաճառքի եւ ծառայությունների մատուցման ընդհանուր ծավալը:
Այնուհետեւ դրամի վերածենք դրսից ստացված ոչ առեւտրային բնույթի փոխանցումները եւ կստացվի, որ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին մեր քաղաքացիները 131,4 միլիարդ դրամի փոխանցումներ են ստացել:
Դոլարի փոխարժեքի նվազումը փոխանցումների դրամային համարժեքը կրճատել է 6,7 միլիարդ: Այդ կորուսյալ միլիարդները Հայաստանում արտարժույթի շուկայում ձեւավորվող փոխարժեքի զոհն են:
2011թ. հունվար-ապրիլ ամիսներն նախորդ տարվա նույն ամիսների համեմատ մանրածախ ապրանքաշրջանառությունը, ներառյալ ավտոմեքենաների առեւտրի եւ ծառայությունների շրջանառությունը ընթացիկ գներով աճել է 11,7 տոկոս կամ բացարձակ արտահայտմամբ` 19,8 միլիարդ դրամ:
Հետաքրքիր է համեմատել մանրածախ ապրանքաշրջանառության, ծառայությունների եւ փոխանցումների ծավալները. փոխանցումների աճը մանրածախ ապրանքաշրջանառության եւ ծառայությունների աճի համեմատ կազմել է 21,9 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,1 տոկոս ավելի: Կարելի է հետեւություն անել, որ բնակչության ընթացիկ ծախսերում փոխանցումների դերը որոշակի աճել է: Ընդ որում, ակնհայտ է, որ կյանքի զգալի թանկացումը պարտադրել է սպառողական ծախսերի աճ: Երբ գնաճի տեմպը զգալիորեն գերազանցում է միջին ամսական աշխատավարձի աճը, տնային տնտեսությունները ստիպված են լինում ծախսել դոլարային փոխանցումները: Բարեբախտաբար, դրանք զգալիորեն ավելացել են:
Վերջում` փոխանցումների աշխարհագրության մասին. Հայաստանին, ավանդաբար, փոխանցումների հզոր հոսք է ապահովում Ռուսաստանը: Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին Ռուսաստանից բանկային համակարգով Հայաստան է մտել 281,8 միլիոն դոլար կամ ընդհանուր փոխանցումների 78,9 տոկոսը: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշի համեմատ Ռուսաստանից եկող փոխանցումներն աճել են 26,5 տոկոս:
Ռուսաստանից հետո երկրոդ տեղում, նույնպես ավանդաբար, զբաղեցնում է ԱՄՆ-ն` 6,4 տոկոս: Նախորդ տարվա նույն ամիսներին համեմատ ամերիկյան փոխանցումներն աճել են 16,4 տոկոս:




























