NEWS am-ն արդեն անդրադարձել է Շիրակի մարզի Ազատան համայնքում մոտ մեկ ամիս առաջ լույս աշխարհ եկած երեք փոքրիկներին: Մարիետա Գասպարյանի առանց այդ էլ բազմանդամ ընտանիքը եռյակի ծնունդից հետո դարձավ 11 անձ: Բոլորն էլ գործազուրկ են, ընտանիքի տղամարդկանցից երկուսը մեկնել են արտագնա աշխատանքի, իսկ փոքրիկների հայրն առաջին կարգի հաշմանդամ է: Նա վիրավորվել է ազգային բանակում` Մարտակերտի շրջանում ծառայելիս: Այսօր NEWS am-ի թղթակիցները հյուրընկալվել են ազատանցի եռյակին, նրանց նվերներ են տարել` փոշի կաթնախառնուրդ, տակդիրներ եւ դրամական փոքրիկ աջակցություն:
Եռյակն արդեն մեկ ամսական է: Ըստ հարազատների` նորածինները բավականին դժվար կացության մեջ են հայտնվել: «Մեկ տուփ կաթնախառնուրդը մեկուկես օր է բավականացնում, երեխաներն արդեն մեծացել են, չենք հասցնում»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նորածինների տատը` Մարիետա Գասպարյանը, հավելելով, որ հարազատներն արտերկրից դեռ գումար չեն ուղարկել:
«Նոր են գնացել, չգիտեմ դեռ գործ կգտնեն-չեն գտնի, իսկ եռյակի պապան` փոքր տղաս, ի վիճակի չէ աշխատել, նա առաջին կարգի հաշմանդամ է, հարսս էլ հիվանդ է: Նրան հետծննդաբերական բարդությունների համար հիվանդանոց գրեցին, բայց փող չունեինք, դրա համար չպառկեց»: Մարիետա Գասպարյանի խոսքով, մինչեւ վերջին կոպեկը բժիշկներն իրենցից վերցրել են: «Հանրապետականում է հարսս պառկել, տեսնեիք ինչ էին անում: Ասում են ծննդօգնությունն անվճար է: Ի՞նչ անվճար, մինչեւ վերջին կոպեկը «կլպեցին», ամեն օր մեկ մահճակալի համար 3000 դրամ էին վերցնում, մեկ ամիս պառկեց հարսս: Իսկ նրա մոտ մտնելու համար 2000 դրամ էինք դնում գրպանները, որ ներս թողնեին»,- ասաց Մարիետա Գասպարյանը:
Երեխաների մայրը` Կարինե Ճղրիկյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմեց, թե երեխաները յոթ ամսեկան են ծնվել: «Ձգձգում էին, ուզում էին գոնե 8 ամսական հասցնեին, բայց չստացվեց, ծնվեցին ու առողջ են, փառք Աստծո»,- ասաց Կարինե Ճղրիկյանը:




























