Կիեւը մտադիր չէ հավատալ անցյալ տարի Իրանում ՈւՄԱ PS752 չվերթի խոցված օդանավի հետ կապված ցանկացած վարկածի, որը հաստատված չէ իրական ապացույցներով: Ուկրաինական կողմը կարծում է, որ Թեհրանը փորձում է առաջ մղել իրեն ձեռնտու մարդկային սխալի վարկածը, հայտնում է Страна.ua-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը:

Դրանից բացի, գերատեսչությունում նշել են, որ «իրանական կողմը մանիպուլյացիա է կատարում, երբ ասում է, որ բանակցությունների երկու ռաունդներում պարզաբանումներ են տվել աղետի պատճառների մասին»:

«Իրանն ամբողջ ուժով փորձում է առաջ մղել մարդկային սխալի մասին իրեն ձեռնտու վարկածը, եւ զարմանք է հարուցում այն, որ Իրանն անգամ չի փորձում վերլուծել պատճառները, որոնք բերել էին ճակատագրական սխալին, եթե դա էր իսկապես աղետի պատճառը: Սա նշանակում է, որ ճիշտ եզրահանգումներ չեն կատարվելու, եւ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը չի բարելավվի: Սա նաեւ նշանակում է, որ Իրանի օդային տարածքում ցանկացած քաղաքացիական օդանավ կարող է ամեն պահի խոցվել եւ կրկնել PS752-ի ճակատագիրը»,- նշված է Ուկրաինայի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Կիեւը կարծում է, որ իրանական կողմը ուշադրություն չի դարձնում օբյեկտիվ դիտողություններին՝ հիմնված ավիաաղետների հետաքննության միջազգային փորձի վրա, եւ դիմում է ուկրաինական կողմի ոչ կառուցողականության անպատասխանատու մեղադրանքների:

«Իրանական կողմը մանիպուլյացիա է կատարում, երբ ասում է, որ բանակցությունների երկու ռաունդների ժամանակ պարզաբանումներ են տրվել աղետի պատճառների մասին: Այդ պատճառները պետք է պաշտոնապես հաստատեր նաեւ տեխնիկական հետաքննությունը, որը Իրանը պետք է անցկացներ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, նաեւ եզրափակիչ հաշվետվությունը, որը հրապարակվել է միայն այս տարվա մարտին՝ աղետի օրվանից ավելի քան 14 ամիս հետո»,- նշված է մեկնաբանության մեջ:

Ընդ որում՝ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Ուկրաինան հակված է Իրանի հետ հիմնավոր եւ կառուցողական համագործակցության:

Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել են, որ «Իրանի կողմից իր միջազգային-իրավական պարտավորությունները չկատարելու վառ օրինակն է Ուկրաինայի եւ Իրանի միջեւ գործող քաղաքացիական եւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրի, ինչպես նաեւ 1971 թվականի Մոնռեալի կոնվենցիայի շրջանակում քննիչների եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության ցածր մակարդակը»: