Շիրակի մարզում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել ռուսական զորոմասի զինծառայողներ։
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 18-ին ժամը 7.50-ին Գյումրու Շտապ բուժօգնության կայանից ահազանգել են ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որ Ջաջուռ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, որտեղից իրենց մոտ են տեղափոխվել վիրավորներ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 07.00-ի սահմաններում Գյումրիում տեղակայված ՌԴ N զորամասում պայմանագրային զինծառայողներ 1992թ. ծնված Արտյոմ Կորոտկինը, 1989թ. ծնված Ռենատ Չումաեւը եւ 1986թ. ծնված Գրիգոր Մանուկյանը ՎԱԶ-2105 մակնիշի 45 ՕՏ 981 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Գյումրի ճանապարհի 50-րդ կմ-ում դուրս են եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել: Վթարի հետեւանքով վարորդը` Գ. Մանուկյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի հիվանդանոց, իսկ ուղեւորներ Ա. Կարոտկինն ու Ռ. Չումաեւը` Գյումրիի զիվորական հոսպիտալ: Ավտոմեքենան պատկանել է 1929-ին ծնված Կալիպսե Մանուկյանին:




























