Վրացական եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն նա չի կարող թույլ տալ ճնշում վրաց ժողովրդի եւ Վրաստանի նկատմամբ: Այդ մասին Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը հայտարարել է հունիսի 19 –ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Պատրիարքը այդ հարցին անդրադարձել է` հիշատակելով Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի այցը:

«Գարեգին Երկրորդը երիտասարդ է, եւ, հավանաբար, անհրաժեշտ է, որ ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունն ամենալավն է», - նշել է Իլյա Երկրորդը:

Նրա խոսքով` Հայոց կաթողիկոսի հետ խոսվել է երկու երկրների եկեղեցիների հարաբերությունների մասին: «Հայերն առաջարկում են ավելի շատ եկեղեցիներ բացել  Վրաստանում: Մենք առաջարկեցինք, որ  եթե Վրաստանում բացվում են հայկական եկեղեցիները, ապա Հայաստանում էլ վրացականները պետք է բացվեն: Մենք պայմանավորվեցինք, որ ապագայում ավելի լավ համագործակցություն կունենաք: Ցանկանում եմ ասել, որ վրաց եկեղեցին բաց է բոլորի համար, բայց նա չի կարող թույլ տալ ճնշում վրաց ժողովրդի եւ Վրաստանի նկատմամբ», -ասել է Իլյա Երկրոդը: