Հունիսի 19-ին ժամը 13.00-ի սահմաններում Երեւանում կանխվել է ինքնասպանության փորձ: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հարավ-Արեւմտյան Բ2 9 հարկանի շենքի տանիքից ցանկանում էր ցած նետվել մի երիտասարդ:
Շուրջ 2 ժամ երիտասառդի հետ բանակցում էին դեպքի վայր ժամանած ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության Հատուկ փրկարարական ջոկատի 1-ին հերթապահ խումբը Ավետիք Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Փրկարար ծառայության օպերատիվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարամեդիկներով, որոնց աշխատանքը ղեկավարում էր Թորգոմ Մարտիրոսյանը: Այնուամենայինիվ, փրկարարներին եւ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատողներին հաջողվեց երիտասարդին համոզել, որպեսզի տանիքից ցած չնետվի: Որից հետո ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Լեւոն Յազիչյանի գլխավորությամբ նրան տեղափոխեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզելու են ինքնասպանության փորձի դրդապատճառները:
Հարեւանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ երիտասարդը 21-ամյա Հ. Մ-ն է:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:




























