Այսօր, ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության ՇԵնգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճի տարածքում տղամարդու դիակ կա:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին արդեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի առաջին խմբի փրկարարները` հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ:

Նշված վայրում են արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Սուրիկ Մելքոնյանի եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ:

Փրկարարներն արդեն տղամարդու դիակը դուրս են բերել Նաիրի մարզադաշատին հարակից ձորակում գտնվող առվակի միջից: Դատական բժիշկը դիակի զննման աշխատանքներ է կատարում: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Պետրոսյանը:

Տղամարդու գրպանում անձնագիր է եղել, ըստ որի` նա Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչ, 65-ամյա Ստյոպա Մովսիսյանն է: 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի