Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի 34-ամյա մի քաղաքացի, ով իր ստաֆորդշիրյան տերիերին քսի է տվել ոստիկանի վրա, հաղորդում է «ԲալթԻնֆոն»:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ի երեկոյան: Ոստիկանության պարեկը դիտողություն է արել տղամարդուն, ով շանը զբոսանքի է հանել առանց դնչկալի: Ի պատասխան տղամարդը կոպտել է ոստիկանին, վերջինս էլ պահանջել է ցույց տալ փաստաթղթերը: Սակայն փաստաթուղթը հանելու փոխարեն, տղամարդը շանը քսի է տվել ոստիկանի վրա, որից հետո տերիերը բռնել է 44-ամյա սերժանտի ոտքը:
Շան տիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» հոդվածով:



























