Ստրասբուրգում հունիսի 20-ին մեկնարկում է  ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Նստաշրջանի գլխավոր թեմաները, ինչպես սպասվում է, կլինեն ԵԽ-ի բարեփոխումներն ու Թունիսում տիրող իրավիճակը: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, նույնպես կմեկնի Ստրասբուրգ: 

Ինչպես հունիսի 19-ին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը` ԵԽԽՎ-ի աշխատանքների  հունիսի 22-ի օրակարգում նախատեսված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Ելույթից հետո ՀՀ ղեկավարը կպատասխանի ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:

Փոստանջյանը նշեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում պետք է սպասել ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունների ակտիվացում, որոնք, պատգամավորի պնդմամբ, արդեն իսկ հերթագրվել են` Հայսատանի նախագահին հարցեր տալու նպատակով: 

Միաժամանակ Փոստանջյանը նշեց, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում Հայաստանին առնչվող հարցեր չեն քննարկվի: Սակայն, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչի խոսքով, կան շատ հարցեր, որոնց մասին ելույթ ունելով, հայ պատվիրակները կբարձրացնեն տարածաշրջանում առկա մի շարք խնդիրներ: «Համոզված եմ, որ ադրբեջանական պատվիրակությունը առիթը բաց չի թողնի ԵԽԽՎ ամբիոնը հակահայկական պրոպագանդայի նպատակով  օգտագելու համար, ինչին հայկական  պատվիրակությունը պատրաստ է»,-նշեց նա:

Նստաշրջանի ընթացքում ելույթներ կունենան նաեւ այլ երկրների, մասնավորապես` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը: 

Նստաշրջանը կավարտվի հունիսի 24-ին: