Այլատյատցության, ծայրահեղականության եւ ռասիզմի հարցերն են արտացոլվել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթում` այդ հարցերով համաժողով անցկացնելու նախաձեռնության քննարկման ժամանակ:
«Մեկ բան հաստատ է՝ մենք, Եվրոպայի քաղաքացիներս, պիտի սովորենք ապրել միասին՝ մեկտեղելով բազմազանությունն ու ազատությունը 21-րդ դարի Եվրոպայում։ եւ այս առումով ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել նշանավոր անձանց հարգարժան անդամներին, ովքեր գիտակցում են, թե ինչ լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած Եվրոպան։
Եւ այսպես, ի՞նչն է խանգարում մեզ միասին խաղաղ ապրելուն։ Դա օտարատյացությունն է, էքստրեմիզմը, քսենոֆոբիան, ռասիզմը, միջմշակութային եւ կրոնական անհանդուրժողականությունը:
Եւ ես ողջունում եմ զեկույցում հնչած առաջարկը՝ մտորել էքստրեմիզմի դեմ Ֆորում կազմակերպելու շուրջ, քննարկելու համար նաեւ օտարատյացության եւ անհանդուրժողականության հարցերը։ Ես վստահ եմ, որ հարգարժան Յոշկա Ֆիշերի գլխավորած նշանավոր անձանց խումբը չի անտեսի օտարատյացության այնպիսի խայտառակ դրսեւորում, ինչպիսին էր Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե ինքը կվտարի իր երկրում ապրող հայերին։ Ավելին, ընդամենը երկու ամիս առաջ այս նույն դահլիճում Էրդողանը որպես բարի կամք ներկայացրեց հայերին առայժմ չվտարելը»,- արձանագրել է Զոհրաբյանը։
Նա նկատել է, թե հավատում է Եվրոպայում խտրականության եւ անհանդուրժողականության մարտահրավերներով մտահոգ անձանց անկեղծությանն ու ազնվությանը, եւ նրանք իրավացի են, երբ խոսում են նաեւ միջմշակութային երկխոսության խորացման անհրաժեշտության մասին։ «Սակայն, երբ Թուրքիայի վարչապետի հրահանգով Կարսում ապամոնտաժվեց հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողը, որը Էրդողանը անվանեց հրեշավոր, նույն Եվրոպան եւ մեր կառույցը չգիտես ինչու անտարբեր լռություն պահպանեցին։ Մինչդեռ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ըստ մամուլի հրապարակումների, խոստովանել էր, որ արձանի ապամոնտաժումը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խնդրանքով։ Ահա այսպիսի միջմշակութային հանդուրժողականություն»,- ազդարարեց պատգամավորը:
Ըստ Զոհրաբյանի, միանգամայն իրավացի է զեկուցողը, երբ կարեւորում է քաղաքականության մեջ հանդուրժողականության խնդիրը։ «Եւ ահա այս համատեքստում ես ուղղակի չեմ կարող չհիշել, թե ի՞նչ խտրական վերաբերմունքի արժանացան Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված քուրդ թեկնածուները, ինչին պաշտոնապես ստիպված էր արձագանքել Եվրոպական Միությունը»,- նշել է նա:




























