ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ առաքելությունն այն է, որպեսզի «ստիպի Հայաստանին կատարի եռակողմ հայտարարության կետերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Գուսեյնլին:

Նրա գնահատմամբ՝ որպես Արցախյան խնդիրը կարգավորող ձեւաչափ ԵԱՀԿ ՄԽ-ի առաքելությունն ավարտվել է, քանի որ «հակամարտություն այլեւս չկա, այն լուծվել է Ադրբեջանի կոնտրհարձակողական օպերացիայի արդյունքում»:

«Կոնֆլիկտն այլեւս չկա, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը: Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ի միակ օգտակար գործունեությունն այն է, որպեսզի ստիպի Հայաստանին կատարել եռակողմ հայտարարության կետերը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանը կատարել է բոլոր կետերը, ինչից հրաժարվում է Ադրբեջանը: Բաքուն ոչ միայն չի կատարում ռազմագերիներին վերադարձնելու մասին կետը, այլ նաեւ քրեական գործ է հարուցել նրանց նկատմամբ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

Մինչ խաղաղության մասին պայմանագրի ստորագրումը  կոնֆլիկտը միջազգային իրավունքին համապատասխան լուծված չի համարվում, այդ պատճառով հակամարտող կողմերի բոլոր քաղաքացիները, որոնք հայտնվում են հակառակորդի տարածքում, համարվում են ռազմագերիներ:

Հայկական կողմը կոնֆլիկտը լուծված չի համարում եւ պահանջում է Արցախի տարածքների դեօկուպացիա եւ Արցախի կարգավիճակի հստակեցում: