Իրանը կտա ադեկվատ պատասխան իր հակառակորցներին Նաթանզ միջուկային օբյեկտում նրանց գործողությունների համար: Այդ մասին այսօր՝ ապրիլի 18-ին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բագել Գալիբաֆը, գրում է Mehr news գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանի հակառակորդներն իրենց գործողություններով փորձել են խափանել ԻԻՀ դիրքերը Վիեննայում բանակցությունների ժամանակ, սակայն այդ գործողությունները միայն ամրապնդել են իրանական կողմը: «Ուրանի 60-տոկոսանոց հարստացումը ցուցադրել է, որ այդպիսի գործողությունները ծառայում են Իրանին՝ որպես եզակի խթան միջուկային տեխնոլոգիաների զարգացման հարցին էլ ավելի լուրջ վերաբերվելու համար»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ դիվերսիայի կազմակերպիչները համարել են, որ նրանց գործողությունները կկարողանան կանգնեցնել Իրանի միջուկային գործընթացը:

Նա խոստացել է, որ Նաթանզում ահաբեկչության պատասխանը ձեւակերպվել է եւ ժամանակին կիրագործվի: Գալիբաֆն ընդգծել է, իրանցի ժողովրդի՝ դեպի զարգացումը ձգտելու կամքի վրա ցանկացած ճնշումն անօգուտ է:

Խոսնակի խոսքով՝ Բացի ահաբեկչական գործողություններից, Իրանի հակառակորդները մշակում են տեւական բանակցությունների սցենար՝ ձգտելով պահել երկրի քաղաքական եւ տնտեսական կառուցվածքները կախյալ վիճակում: «Նրանք ձգտում են խոչընդոտել իրանցի ժողովրդին առանց պատժամիջոցների տնտեսությանը հասնելու գործում՝ երկարաձգելով բանակցություններն ու պարտադրելով սեփական պահանջները՝ համադրելով սուտն ու ճնշումը»,-համոզված է նա: