Կուզեի ասել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամաչում է, բայց, նրան ճանաչելով, հաստատ գիտեմ նաեւ, որ նա նույնիսկ չի ամաչում: Այս մասին ապրիլի 20-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի այցելում Ղարաբաղ: 

Մեկնաբանելով Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնանկությունը՝ Հայաստանի Ազգային ժողովում նրա հայտարարությունների հետ կապված, որոնք, ի միջի այլոց, ուղղված էին իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին, Գորգիսյանը նշեց, որ նման միջոցներն արդեն օրինաչափություն են դարձել:

«Մեր երկրում նշանակումները կամ պաշտոնանկությունները չեն իրականացվում առկա խնդիրների կամ մարտահրավերների պատճառով: Ամեն ինչ արվում է մեկ անձի քմահաճույքով՝ բացառապես կուսակցական որոշակի շահերից ելնելով: Դա ինձ չի զարմացնում: Ղարաբաղի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրենի խոսքերում գուցե քաղաքական չեզոքության խախտում կար, բայց արդյո՞ք դա կարող է պաշտոնեական դիրքի չարաշահում համարվել»,- ամփոփեց պատգամավորը: