ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոսովոյի կառավարությանը կոչ է արել շարունակել Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը՝ նշելով, որ երկրների միջեւ ցանկացած համաձայնություն «պետք է կենտրոնանա փոխադարձ ճանաչման վրա»:

Բայդենը նամակ է ուղարկել Կոսովոյի նոր նախագահ Վյոսե Օսմանիկին: Նա նշել է, որ Վաշինգտոնը «կշարունակի աջակցել Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ արդյունավետ երկխոսության միջոցով կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին եւ, ի վերջո, կարգավորման մասին համապարփակ համաձայնագրի կնքմանը, որը պետք է կենտրոնանա փոխադարձ ճանաչման վրա»:

Բայդենը Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորումը համարել է «անհրաժեշտ, որպեսզի Կոսովոն իրացնի իր ներուժը եւ լիարժեք ինտեգրվի եվրատլանտյան ինստիտուտներին»:

«Ես գիտեմ, որ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են ճկունություն եւ բարդ փոխզիջումներ, եւ ԱՄՆ-ը բոլոր փուլերում կլինի ձեր գործընկերը»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորման համար Եվրամիության օգնությամբ բանակցությունները սկսվել են տասը տարի առաջ եւ անցյալ տարի փակուղի էին մտել:

Նամակում Բայդենը նշում է իր ընտանիքի «անձնական կապը» Կոսովոյի հետ: Նախագահի հանգուցյալ որդի Բոն պատերազմից հետո աշխատել է Կոսովոյում: «Իմ որդի Բոյին դուր էր եկել այն ժամանակը, որ նա անցկացրել էր Կոսովոյում՝ աշխատելով խաղաղության առաջընթացի եւ օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ»,- գրել է Բայդենը:

Բայդենն ինքը, որպես փոխնախագահ, ընտանիքի հետ 2016-ին այցելել էր Կոսովո։